Արտաշեսյաններ

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։
Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, ավանդապատումները,
առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից։
Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ
իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի (Ք. ա. 189-1թթ.)հիմնադիրն է։ Ք. ա. 189թ. դառնալով հայոց թագավոր` նա հաջորդաբար Մեծ Հայքի սահմանների մեջ վերամիավորեց հայկական հողերը։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Ամենից առաջ նա շենացրեց ու բազմամարդ դարձրեց երկիրը։ Իր գրաված երկրներից
տարբեր ազգությունների մարդկանց բերեց և վերաբնակեցրեց Հայաստանի լեռնային վայրերում, դաշտերում ու հովիտներում։ Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։

Արաքս գետի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)
Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։
Կառավարման առաջին իսկ տարիներին Տիգրան Մեծը կարողացավ միավորել բոլոր հայկական հողերը,  կարողացավ հզորացնել հայոց բանակը։ Հայոց թագավորությունն
այնքան էր հզորացել, որ Տիգրան Մեծը իրեն հռչակեց արքայից արքա։ Հայոց արքայի գերիշխանությունն ընդունում էին բազմաթիվ մանր թագավորություններ, ինչպես նաև Վիրքը(Վրաստանը) և Աղվանքը։Տիգրան Մեծին առաջարկեցին դառնալ նաև Ասորիքի թագավոր։ Ք. ա. 83թ. Տիգրանը հանդիսավոր կերպով մտավ Միջերկրական ծովի ափին գտնվող Անտիոք մայրաքաղաք։ Իրեն ենթարկելով նաև Ասորիքին հարևան երկրները՝ Տիգրան Մեծն ավարտեց իր նվաճումները։ Տիգրան Մեծի տերությունը Հին աշխարհի ամենամեծ պետություններից էր, որի սահմանները ձգվում էին Կասպից
ծովից մինչև Միջերկրական ծով։ Ունենալով այդպիսի հզորություն՝ Տիգրան Մեծը,  ռազմատենչ արքա չէր։ Նա պատերազմի մեջ էր մտնում միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Ք. ա. 80-ական թթ. Տիգրան Մեծը ձեռնարկեց նոր մայրաքաղաքի` Տիգրանակերտի շինարարությունը։  Տիգրանակերտը կարճ ժամանակում դարձավ մեծ քաղաք։ Քաղաքում
շքեղ պալատներ էին կառուցվում։ Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պարիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։
Իր քառասնամյա կառավարման ընթացքում Տիգրան Մեծ արքան ունեցավ շատ հաղթանակներ ու փառահեղ նվաճումներ, հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքն ու այլ քաղաքներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *